Մարտի 2-ին խորհրդարանը Արմեն Սարգսյանին 90 կողմ, 10 դեմ ձայներով ընտրեց ՀՀ նախագահ: Արտասահմանից առաջին շնորհավորողը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր, երկրորդը` Ղազախստանի նախագահը Նուրսուլթան Նազարբաևը: Եվրոպան դեռ հապաղում է: Շնորհավորանքների ժամանակն արագ կանցնի, ապրիլի 9-ից հետո նա կստանձնի պարտականություններն ու կսկսվի ռեալ կյանքը:
Որո՞նք են ՀՀ չորրորդ նախագահի սահմանադրական գործառնությունները:
2015-ին ընդունված Սահմանադրությունը կսկսի գործել ապրիլի 9-ից հետո, երբ դադարեն ՀՀ նախագահի լիազորությունները: Առաջին անգամ խորհրդարանում ընտրված նախագահին Սահմանադրության 123-րդ հոդվածը անվանում է պետության գլուխ և սահմանում, որ նա հետևում է Սահմանադրության պահպանմանը, իր լիազորություններն իրականացնելիս պիտի լինի անաչառ ու առաջնորդվի բացառապես համապետական ու համազգային շահերով:
Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով (դեռ գործող Սահմանադրությամբ` ՀՀ նախագահն է ապահովում օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների բնականոն գործունեությունը, ՀՀ անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորն է, գերագույն գլխավոր հրամանատարը): Հետայսու ՀՀ նախագահն ընտրվում է 7 տարով և միայն մեկ անգամ (ներկա 5-ի փոխարեն, հեռացող Սահմանադրությամբ նախագահը կարող էր երկու անգամ անընդմեջ առաջադրվել): Նախագահը չի կարող որևէ այլ պաշտոն ունենալ, ձեռնարկատիրությամբ զբաղվել, վճարովի այլ աշխատանք կատարել, իր լիազորությունների կատարման ընթացքում որևէ կուսակցության անդամ լինել (գործող Սահմանադրությունն այդ արգելքը չունի): Նախագահ կարող է ընտրվել 40 տարեկան, վերջին 6 տարում ՀՀ քաղաքացի և ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող ու հայերենին տիրապետող անձը (դեռ գործող Սահմանադրությունը այլ «թվաբանություն» ունի` ՀՀ նախագահ կարող էր ընտվել 35 տարեկան և 10 տարի ՀՀ-ում բնակվող ՀՀ քաղաքացին): Նոր Սահմանադրության 125-րդ հոդվածով` նախագահի թեկնածու կարող է առաջադրել պատգամավորների 1/4-ը, ընտրվելու համար պետք է նրանց ձայների 3/4-ը` (79 ձայն): Նոր Սահմանադրությամբ ՀՀ նախագահը նշանակում է ԱԺ հերթական ու արտահերթ ընտրությունները, ստորագրում ու հրապարակում է ԱԺ ընդունած օրենքները` 21 օրում: Եթե նախագահը չի ստորագրում օրենքը և վերադարձնում է ԱԺ իր առարկություններով, ԱԺ-ն կարող է նրա առարկությունները 5 օրում շրջանցել և ԱԺ նախագահի ստորագրությամբ օրենքը կսկսի գործել (նախագահն այլևս իրավունք չունի Սահմանադրության նախատեսած դեպքերում լուծարել ԱԺ-ն ու նշանակել արտահերթ ընտրություններ): ՀՀ նախագահը, Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում, կարող է ընդունել կառավարության հրաժարականը և վարչապետի առաջարկությամբ փոփոխություններ կատարել կառավարության կազմում: Նորընտիր ԱԺ-ի լիազորությունները սկսվելուց հետո նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության թեկնածուին:
ՀՀ նախագահը նոր Սահմանադրությամբ` օրենքով սահմանված կարգով` կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր, վարչապետի առաջարկությամբ նշանակում ու հետ է կանչում այլ պետություններում ու միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունում է այլ պետությունների ու միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերն ու հետկանչերը: Նախագահը կառավարության առաջարկով ու օրենքով սահմանված դեպքերում հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը (դեռ գործող Սահմանադրությամբ նախագահը ՀՀ-ն ներկայացնում է միջազգային հարաբերություններում ու ղեկավարում արտաքին քաղաքականությունը): Նոր Սահմանադրությամբ` նախագահը վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում նշանակում ու ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ (նախագահը այլևս զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը չէ, պատերազմի դեպքում այդ լիազորությունները վարչապետինն են, նախագահն այլևս ինքնուրույն չի համակարգում պետական մարմինների գործունեությունը պաշտպանության ոլորտում, ինքնուրույն չի նշանակում ու ազատում զինված ուժերի ու այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին: Նոր Սահմանադրությամբ նախագահն այլևս չի կարող զինված հարձակման կամ անմիջական վտանգի, պատերազմ հայտարարվելու դեպքում ռազմական դրություն կամ զորահավաք հայտարարել):
ՀՀ նախագահը օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է ՀՀ քաղաքացիություն շնորհելու և դադարեցնելու, դատապարտյալներին ներում շնորհելու հարցերը (օրենքը սահմանում է, որ դա արվում է վարչապետի առաջարկով): ՀՀ նախագահը պարգևատրում է ՀՀ շքանշաններով ու մեդալներով, շնորհում է պատվավոր կոչումներ ու բարձրագույն դասային աստիճաններ:
ՀՀ նորընտիր նախագահը պաշտոնը ստանձնելու է գործող նախագահի լիազորությունների ավարտի օրը` ապրիլի 9-ին, ԱԺ հատուկ նիստում երդվելով.
«Ստանձնելով հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ հավատարիմ լինել ՀՀ Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում» (կարող էր, իհարկե, ավելի բովանդակային տեքստ լինել, բայց դա արդեն նախագահի մեղքը չէ):
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հիմա ինքներդ որոշեք` կա՞ն նախադրյալներ, որ Արմեն Սարգսյանը Հայաստանում լուծի այն խնդիրները, որ ինքն իրեն առաջադրեց խորհրդարանում կամ որակապես ազդի իրավիճակի վրա: «Առաջնորդի»` ինչպես ինքը բնորոշեց: Այո, եթե.
1. Տարաձայնություններ չունենա վարչապետի հետ:
2. Եթե սահմանադրական լիազորությունների շրջանակից դուրս գա և իբրև «առաջնորդություն» խառնվի տնտեսության (ներդրումների ու ծրագրերի մասով), արտաքին քաղաքականության (գերակայություններ և ԼՂ խնդիր), ներքին քաղաքականության (դատական համակարգ, քաղաքացիական հասարակություն) գործերին:
3. Եթե 7 տարի դիմանա: